Հայաստանի նախագահը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների»՝ ասված է ուղերձում:
«Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության,- Մակրոնին գրել է Սարգսյանը: - Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը»:
«Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,- ասված է Ֆրանսիայի նախագահին ուղղված Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: