ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարների հետ` հորդորելով հարթել տարաձայնությունները գերմանացի պատգամավորներին Թուրքիայում գտնվող ռազմակայան թողնելու վերաբերյալ: Նախօրեին Բեռլինը հաղորդեց, որ Անկարան թույլ չի տվել Բունդեսթագի պատգամավորների մուտքը Անկարայից 250 կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Քոնիայի» ավիաբազա:
Ավելի վաղ Թուրքիան արգելափակել էր գերմանացի օրենսդիրների մուտքը «Ինջիրլիք», որից հետո Բեռլինը որոշել էր դուրս բերել իր զորախումբը ռազմակայանից, որտեղ ևս ՆԱՏՕ-ի ուժերն են տեղակայված:
«Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրները կկարողանան փոխհամաձայնության գալ և լուծել տարաձայնությունները»,- ասել է ռազմական դաշինքի խոսնակը: