Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մենք հրապարակում ենք «Ալ Ջազիրային» մերկացնող ամենավտանգավոր հոդվածը. Al Ahram, Եգիպտոս

Մենք հրապարակում ենք «Ալ Ջազիրային» մերկացնող ամենավտանգավոր հոդվածը. Al Ahram, Եգիպտոս
16.07.2017 | 21:20

«Ալ Ջազիրայի» ֆոտոլրագրող Մուհամեդ Ֆաուզին նոր գաղտնիքներ է բացահայտել Դոհայի ծրագրերի վերաբերյալ՝ արաբական մի քանի երկրներում ահաբեկչությանը և բռնությանն աջակցելու հետ կապված: Ֆաուզին գաղտնազերծել է «Ալ Ջազիրայի» հետկուլիսային գործունեությունը և այնտեղ աշխատանքի անցնելու պայմանները: Ֆոտոլրագրողը «Ալ Ահրամ Ալ-Արաբի»-ի հետ մասնավոր զրույցում խոսել է «Ալ Ջազիրայի» աշխատակիցների՝ քաղաքական գործիչների, արաբական մի քանի երկրներում ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած կապերի մասին:


Ես 1993-ից աշխատել եմ որպես ֆոտոլրագրղ և երկու տասնամյակի ընթացքում լուսաբանել եմ համաշխարհային իրադարձությունները ինձ հատուկ մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և չեզոքություն պահպանելով: Ես աշխատել եմ մի շարք հայտնի հեռուստաընկերություններում, դա ինձ համար մեծ փորձ էր մինչ այն պահը, երբ ես 2001-ին հայտնվեցի Հարավային Աֆրիկայում անցկացվող համագումարներից մեկում: Այնտեղ ես առաջին անգամ հանդիպեցի Վադահ Հանֆարին և մեկնեցի Քաբուլ, որտեղ իշխանության էին եկել «Թալիբանը» և «Ալ Քաիդան»: Քաբուլում ես ծանոթացա «Ալ Ջազիրայի» աշխատակիցների հետ, ինձ զարմացրեց նրանց վստահելի հարաբերությունները «Թալիբան» և «Ալ Քաիդա» կազմակերպությունների հետ: Իրաքում պատերազմի ժամանակ ես ուղեկցում էի ամերիկյան ուժերին և ականատեսն էի «Ալ Ջազիրայի» հրամցրած կեղծիքի՝ հատկապես ամերիկյան ուժերի հաջողությունների, իրաքյան բանակի պարտության և բարոյական ոգու անկման մասին: Պատերազմից հետո, ի զարմանս ինձ, «Ալ Ջազիրայի» կողմից՝ իրենց մոտ աշխատանքի անցնելու հրավեր ստացա: Աշխատելով այնտեղ՝ ես հասկացա, որ գործ ունեմ խոշորագույն կեղծարարի հետ: Այդ հեռուստաալիքում մթնոլորտը հագեցած է ատելությամբ և հանցավոր գործունեությամբ: Ես բազմիցս փորձեցի այլևս գործ չունենալ նրանց հետ, հատկապես, որ նրանցից շատերը ատում էին Մուբարաքին և Եգիպտոսը: Իսկ գլխավոր խմբագիր Վադահ Հանֆարը պնդում էր, որ արաբական աշխարհը հեղափոխության կարիք ունի:


Դրանից հետո ՀԱՄԱՍ-ը արյունալի հեղաշրջման միջոցով Գազայում զավթեց իշխանությունը, ինչից հետո «Ալ Ջազիրան» դարձավ այնտեղ հաստատված ռեժիմի խոսափողը: Լրագրողները սկսեցին Վադահ Հանֆարին դուր գալու փորձեր անել՝ ձգտելով արժանանալ նրա բարեհաճությանը: Նա դարձավ իսլամիստների կուռքը, նրան գովերգում էին ՀԱՄԱՍ-ը և «Հըզբոլլահ»-ը: Ես որոշեցի փոխադրվել անգլիական մասնաճյուղ՝ մտածելով, որ այնտեղ ավելի առողջ մթնոլորտ է: Ամեն ինչ լավ էր այնքան ժամանակ, մինչև մեզ մոտ աշխատանքի անցան երկու լրագրողներ: Նրանց ծագումը հայտնաբերեցին եգիպտացիները. պարզվեց, որ նրանք «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության զինյալներ են: Ավելի ուշ աշխատանքի ընդունվեց նաև մի ամերիկացի, որ անցյալում նույնպես զինվորական էր եղել: Նա շատ արագ կապեր հաստատեց բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներ ունեցավ ամերիկյան վարչախմբի և Վադահի հետ՝ ամերիկյան ծագրերը առաջ տանելու նպատակով:
«Արաբական գարնան» սկզբից ի վեր «Ալ Ջազիրան» ցույց տվեց իր իրական դեմքը: Հեռուստաալիքը հովանավորում է ծայրահեղականների գաղափարախոսությունը, իսկ Կահիրեում նրանց գրասենյակը լավագույն ապացույցն է, որ նրանք այդ ծառայության դիմաց հնարավորություն են ստանում մեծ թվով մասնագետների վարձատրելու և ձեռք բերելու անհրաժեշտ սարքավորումներ: «Ալ Ջազիրայում» աշխատող բոլոր նկարահանող խմբերը պաշտպանված են զինյալներից: Նրանք բոլորն էլ օգտագործվում են որպես ցույցեր հրահրողներ և սադրիչներ: Հունվարի 28-ին ես լուսաբանում էի Ալեքսանդրիայում անցկացվող ցույցերը, որոնց մասնակցում էին հատուկ պատրաստված մարդիկ՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Նման սցենար ես տեսել եմ նաև Գազայում. հատուկ պատրաստված մարդիկ, շեղելով ոստիկանության ուշադրությունը, հրդեհեցին քաղաքը: Այդ սցենարը ինձ հիշեցրեց Բաղդադի գրավումը, և ես հասկացա, որ Եգիպտոսը ծայրահեղական խմբավորումների կողմից բռնազավթման եզրին է:


«Ալ Ջազիրան» ուղիղ եթերով անընդմեջ բռնություններ և ցույցեր է հեռարձակում: Նրա աշխատակիցները «Մուսուլման եղբայրների» հովանավորությամբ հանգիստ ռեպորտաժներ են վարում այդ վայրերից: Եվ ամեն օր ես ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է սա Բեն Լադենի հեռուստաալիքը: «Մուսուլման եղբայրները» իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիբիան, Եգիպտոսը, Թունիսը. այժմ հերթը Սիրիայինն է: «Ալ Ջազիրան» իր գրասենյակներն է տեղադրել Սիրիային սահմանակից թուրքական շրջաններում: Նրանցից երկուսի ղեկավարներն են Թայսիր Ալոունին և Իբրահիմ Աբդոն: Երկուսն էլ սիրիացիներ են և Սիրիայի ներսում գտնվող ծայրահեղականների հետ անմիջական կապի մեջ են: Նրանք նաև գումարով և զենքով աջակցում են «Աքրար աշ-Շամ»-ին և «Ջեբհաթ ան-Նուսրային». դիմավորում են Եվրոպայից ներթափանցած զինյալներին: Ես ինքս ականատես եմ եղել՝ ինչպես է Թայսիրը նրանց ընդունում Սիրիա ներթափանցելուց առաջ: Ես հիշում եմ, որ առաջին անգամ, երբ եկա Հալեպ, հանդիպեցի բազմաթիվ արաբ զինյալների: Լաթակիայից ոչ հեռու հանդիպեցի «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդներից մեկին: Մենք համատեղ հանդիպում ունեցանք զինյալների խմբի ներկայությամբ, որոնք ձեռքներին թափահարում էին դոլարների կապոցները, և ես այդ ժամանակ հասկացա, որ դա նրանց իրականացրած գործողությունների դիմաց վճարն է: Նրանց վճարում են միայն այն ժամանակ, երբ վերջիններս որպես ապացույց լուսանկարներ են ներկայացնում իրենց կատարած գործողություններից:


Ես նաև նկատել եմ, որ Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում յուրաքանչյուր հակամարտության համար առանձին ներդրումային նախագծեր գոյություն ունեն: Ես որոշեցի դադարեցնել իմ աշխատանքային պայմանագիրը հեռուստաալիքի հետ. անհրաժեշտ էր Եգիպտոսը ազատագրել «Մուսուլման եղբայրներից», և սպասում էի հարմար առիթի՝ այնտեղ վերադառնալու համար, որպեսզի ցույցեր կազմակերպեմ նրանց դեմ՝ զգուշացնելով մարդկանց նրանց հանցավոր գործունեության մասին: Հունիսի 30-ին մոտ մեկ միլիոն մարդ ցույցի դուրս եկավ «Մուսուլման եղբայրների» դեմ: Այդ ժամանակ «Ալ Ջազիրան» և Կատարը լրագրողների ուղարկեցին նրանց հետ լիակատար կոորդինացիայի համար: Նրանք գողացված ավտոմեքենաների վրա տեղադրեցին հեռարձակման տեխնիկան, և բոլորս ուղիղ հեռարձակումով ականատես եղանք ահաբեկչական ուժերի մեջ ներթափանցած հեռուստաալիքի հաղորդումներին: Ես մոռացա շեշտել կարևորը, որ օգնեց ինձ հաղթահարել 2011-ի հունվարի 28-ին Եգիպտոսի բռնազավթման փաստը: Ես սկսեցի ինքնուրույն պայքարել ծայրահեղականների դեմ՝ օգտագործելով իմ կապերը, ընտանիքիս և հարևաններիս հետ կապերը, որ նրանք ևս չընկճվեն և շարունակեն պայքարել Եգիպտոսը բռնազավթած ծայրահեղական խմբավորումների դեմ: Մինչև հունվար արտերկրյա ցանկացած պաշտոնատար անձի հետ շեյխ Համադի կամ շեյխ Մոզայի հետ յուրաքանչյուր հանդիպմանը խոսվում էր նախագահ Մուբարաքի կողմից վնաս հասցվելու մասին: Ես ներկա եմ եղել մի քանի այդպիսի հանդիպումների: Հունվարի 28-ին հրաժարվեցի ավարտին հասցնել Եգիպտոսում իմ աշխատանքը, որ արտացոլում էր «Ալ Ջազիրայի» սուբյեկտիվ վերաբերմունքը: Ես ականատես էի, որ «Ալ Ջազիրան» ձգտում է ավելացնել լարվածությունը, ցուցարարներին ոչ երկիմաստ հաղորդագրություններ է ուղարկում, օրինակ՝ կախաղան հանված Հոսնի Մուբարաքի լուսանկարները: Ինձ առաջարկեցին լուսանկարել, սակայն ես հրաժարվեցի: «Ալ Ջազիրան» բազմաթիվ գրասենյակներ ունի Թուրքիայում՝ Ստամբուլում, Անկարայում, Գազիանթեփում, Հաթայում: Դրանք քաղաքական նպատակներ են հետապնդում: Դրանց ղեկավարներից մեկը, օրինակ, որ Ավստրալիայի քաղաքացի է, ամուր կապեր ունի Չիկագոյի ամերիկյան ինստիտուտների հետ, որոնք խրախուսում են ժողովրդավարությունը: Սուդանում նրանց գրասենյակը համագործակցում է անվտանգության ծառայությունների հետ՝ շարունակելով ներթափանցել իշխանական կառույցներ: Al Jazeera English-ը շարունակում է լրագրողներ ընդունել միայն հեռուստաալիքի քաղաքականությանը համապատասխան: Նրանցից են Այման Մուհիդինը, որ աշխատում է ամերիկյան NBC հեռուստաալիքում, և Շերին Թեդորը, որ ղեկավարում է Amnesty International-ը: Կասկած չկա, որ նրանց վրա ազդեցություն ունի իրենց թիկունքում կանգնածների քաղաքականությունը:

Դիտվել է՝ 2384

Մեկնաբանություններ