ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որ հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանում: Ռուսաստանում 2017-ի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Հուլիսի 14-ին էլ ՌԴ Պետդուման ընդունել էր մեկ այլ օրենք, որով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ այն երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը, որտեղ ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր հանդիպման ժամանակ Վոլոդինն ասել է. «Ես կարող եմ միայն ասել՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:
Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել: Ռուսաստանում արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել օտարերկրյա քաղաքացիների հետ: