«Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի»,-այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիայի» «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է՝ ինչ երաշխիք կարող է լինել, որ ԼՂ խնդրի քաղաքական լուծման պարագայում պայմանները պահպանվելու են: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»,- ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, որ կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: «Ով որ կարծում է, որ Իսկանդերը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- ասել է Սերժ Սարգսյանը: