Իրանը «հակասական ազդակներ» է ստանում Թրամփի վարչակազմից միջուկային կարևորագույն պայմանագրի ճակատագրի վերաբերյալ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։ Հայտարարությունից ժամեր անց ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո երկրորդ անգամ է հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները, սակայն Թրամփը շարունակում է «վատ գործարք» համարել և խստացնել Իրանի դեմ այլ հարցերով պատժամիջոցները։
«Մենք հակասական ազդակներ ենք ստանում, ուստի չգիտենք ինչպես մեկնաբանել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքի արտաքին հարաբերությունների խորհրդում, ավելացնելով, որ Թեհրանը լուրջ է տրամադրված պայմանագրի վերաբերյալ և շարունակելու է կատարել պարտավորությունները միջուկային հարցերի հետ կապված պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ վարչակազմը երեկ հաստատեց, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ 2015-ի միջուկային պայմանագրին և դրա դիմաց կշարունակի ստանալ պատժամիջոցների մեղմացում։ Մյուս կողմից` Թրամփի վարչակազմը խոստանում է շարունակել պատժամիջոցները բալիստիկ հրթիռների, արագընթաց նավերի և այլ հարցերով։