ԵԱՏՄ-ն ՌԴ-ին առաջարկել է օտարերկրյա վարորդական իրավունքի արգելման աղմկահարույց օրենքը չտարածել դաշինքի անդամ երկրների վրա` հայտնում է «Կոմերսանտը»: Խոսքը Ռուսաստանում հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի մասին է, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետդուման ընդունեց օրենք, որով Դաշնության տարածքում ճանաչվում է ԵԱՏՄ անդամ մի քանի երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Սահմանափակումներից ազատված երկրներում՝ Ղրղզստանում և Բելառուսում ռուսերենն ունի պաշտոնական կարգավիճակ: Թեման ակտիվ քննարկումների տեղիք տվեց, իսկ Հայաստանում կրքեր բորբոքեց, երբ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը բարձրացրեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը: Նա երկընտրանքի առաջ կանգնեցրեց Հայաստանին, հայտարարելով. «Տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:
Ռուսերենի կարգավիճակի հարցը Ռուսաստանում ավտոմեքենա վարելու հետ կապելու մասին Մոսկվայից հնչող հայտարարությունների ֆոնին, ըստ «Կոմերսանտի», Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Օլեգ Պանկրատովը հիշեցրել է պայմանավորվածության մասին, ըստ որի՝ օտարերկրացի վարորդների հետ կապված այդ հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով, որը չպետք է հակասի ԵԱՏՄ-ի և ընդհանուր աշխատանքի շուկայի սկզբունքներին: ԵԱՏՄ պաշտոնյայի խոսքով՝ դաշինքը Ռուսաստանին առաջարկել է փոփոխություններ կատարել գործող օրենքում՝ բացառելով արգելքի կիրառումը միության անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար: