Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստին` նվիրված 2017 թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը, մասնակցել են ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ռազմաիրավապահ մարմինների ղեկավարները, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Ելույթներից ու զեկույցներից հետո ամփոփիչ խոսքում ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը անդրադարձել է հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ ու ցուցումներ տվել երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար: Լևոն Մնացականյանը նիստի մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրել է անկանխատեսելի հակառակորդ ունենալու հանգամանքը՝ կոչ անելով ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունն ու վառոդը միշտ չոր պահել: