Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամփոփագիր՝ 2017-ի 1-ին կիսամյակում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, այդ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 9000 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121 000 կրակոց:
«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «SPIKE» հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120- միլիմետրանոց ականանետներ (1373 արկ), տարբեր տիպի նռնականետներ (250 արկ): Ադրբեջանական հատուկջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել:
Հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր»,- նշված է ԼՂ ՊԲ հաղորդագրության մեջ: