Թուրքիայի «Kadir Has» համալսարանի նախաձեռնությամբ 2017-ի հունիսին 26 նահանգներում արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ սոցհարցում է անցկացվել: Ըստ «Milliyet» թերթի կայքի՝ հարցման հիման վրա էլ կազմվել է համալսարանի ամենամյա զեկույցը՝ արտաքին քաղաքականության շուրջ բնակչության տեսակետի մասին: Հարցվածների 44 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը երկրի ներսում ահաբեկչության դեմ պայքարն է, 24,6 տոկոսը համարում է, որ երկրի ամենակարևոր խնդիրը Սիրիայի իրավիճակն է: 8 տոկոսը կարծում է, որ գլխավոր խնդիրը Իսրայելի հետ հարաբերություններն են: 6,5 տոկոսի համար կարևորը Եվրամիության հետ հարաբերություններն են, որոնք լավ ժամանակներ չեն ապրում: ԱՄՆ-ի հետ հարաբերություններին կարևորություն է տվել հարցվածների ընդամենը 4,1 տոկոսը:
Հարցին, թե Թուրքիայում ով պետք է կարևոր որոշումներ կայացնի արտաքին քաղաքականությունում, 69,2 տոկոսը պատասխանել է՝ նախագահը, 37,3 տոկոսը՝ ԱԳՆ-ն, 24,3 տոկոսը՝ նախապատվությունը տվել է ԶՈՒ գլխավոր շտաբին:
Հարցման ժամանակ փորձել են իմանալ նաև, թե Թուրքիայի քաղաքացիները որ երկրներին են իրենց բարեկամ համարում։ 71,3 տոկոսը նշել է` Ադրբեջանն է, 22 տոկոսը՝ Պակիստանը, 1,9 տոկոսը՝ Կատարը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը:
Հարցման մասնակիցները նշել են, թե որ երկրներն են սպառնալիք Թուրքիայի համար: Առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Իսրայելը, այնուհետև ԵՄ երկրները և վերջում Ռուսաստանը: