Սպիտակ տան հաղորդակցության գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուչին կիրակի խոստովանել է, որ սխալ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ, գրում է New York Times-ը:
CNN-ին տված հարցազրույցում Սկարամուչին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը շուտով որոշում կկայացնի փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, եթե ստանա Կոնգրեսի երկու պալատների հավանությունը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ABC-ի եթերում հայտարարել է, որ Թրամփը սատարում է այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ «օրինագծի նախնական տարբերակի տեքստը վատ է գրված եղել», բայց վարչակազմին հաջողվել է «անհրաժեշտ փոփոխություններ կատարել»: Դրանից հետո New York Times-ի լրագրողները Սկարամուչիին խնդրել են պարզաբանել, թե այս երկու հայտարարություններից (իր և Սանդերսի) որն է համապատասխանում իրականությանը: Ի պատասխան նա բջջային հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սխալն է: Հետևեք նրան, ինչ ասում է Սառան: Ինձ համար տեղեկությունը նոր է»: