Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել

ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել
25.07.2017 | 02:00

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Իր ուղերձում Նալբանդյանը նշում է, որ 25 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության համար ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած երկու երկրների նորօրյա պատմության մեջ բնորոշում է բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն մի ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով ու հաջողություններով: Նա ընդգծում է, որ Հայաստանը շահագրգիռ է անել հնարավորը՝ ավանդական կապերի վրա խարսխված հարաբերությունները միասնական ուժերով էլ ավելի ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ՝ հավելելով, որ երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժի բացահայտումը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հնարավորությունները: ՀՀ ԱԳ նախարարը կարևորում է հայ-վրացական ավանդական հարաբերությունների ամրապնդման գործում վիրահայության նշանակալի դերակատարությունը, որ բարեկամության կամուրջ են երկու երկրների միջև:


Եզրափակելով նամակը՝ Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններն այսուհետ ևս կշարունակեն արդյունավետ համագործակցության միջոցով իրենց կարևոր նպաստը բերել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:
Վրաստանի ԱԳ նախարարն իր ուղերձում նշում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում՝ անկախության ձեռքբերումից հետո Վրաստանն ու Հայաստանը զարգացրել են փոխըմբռնման և ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերություններ: Նա կարծում է, որ երկու երկրներն արդեն գրանցել են էական առաջընթաց տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ դեռևս կան լայն հնարավորություններ: Միխեիլ Ջանելիձեն գոհունակությամբ նշում է, որ միջպետական սերտ հարաբերություններն ամբողջովին արտացոլում են ժողովուրդների ավանդական բարեկամությունը, որը կառուցված է ամուր պատմական հիմքերի և ազատության և ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա: Վրաստանի ԱԳ նախարարը, ընդգծելով Վրաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների սերտ և արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդման նպատակով:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ