Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ամփոփելով Երևանի կամուրջներից կատարված ինքնասպանությունների դեպքերը՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելով ինքնասպանության կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
«2014-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Ինքնասպանություն գործած 30 անձանցից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Կամուրջներից ցած նետվելով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»:
Հովսեփյանը նշել է, որ ինքնասպանության դեպքերի նախաքննությամբ հիմնականում բացահայտվում են նման քայլի դիմելու պատճառներն ու պայմանները: Որպես կանոն, դեպքերը տեղի են ունենում կենցաղային դրդապատճառներով: Այդ պայմանների վերհանումը դեռևս բավարար չէ և չի կարող ինքնասպանության դեպքերի կանխման կանխարգելիչ ազդեցություն ունենալ:
«Արձանագրվել է նաև դժբախտ պատահար՝ Դավթաշենի կամրջից վայր է ընկել և մահացել 13 տարեկան անչափահասը: Այդ փաստի առթիվ ոստիկանության ՊՊԳՎ Մաշտոցի բաժնի ոստիկանների նկատմամբ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն»,- հայտնում է կոմիտեն՝ նշելով. «ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության հակում ունեցող անձանց գործողությունները կարելի է կանխել՝ իրականացման որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով՝ արգելապատնեշներ, պաշտպանիչ ցանցեր և այլ տեխնիկական լուծումներ»:
Երևանի քաղաքապետարանից Քննչական կոմիտեին պատասխանել են, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հարցը անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ քննարկելու, միջազգային փորձն ուսումնասիրելու նպատակով: