Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփի վարչակազմը քննարկում է ՈՒկրաինային զենք-զինամթերք տրամադրելու հարցը

Թրամփի վարչակազմը քննարկում է ՈՒկրաինային զենք-զինամթերք տրամադրելու հարցը
26.07.2017 | 10:03

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՈՒկրաինային զենք-զինամթերք տրամադրելու հարցը՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար, «Ազատության» «Настоящее время» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է պետդեպարտամենտի՝ ՈՒկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը։ Նա ընդգծել է՝ պնդումները, թե դա կարող է սադրել Ռուսաստանին, հիմնավոր չեն:

«Նախ, Ռուսաստանն արդեն ՈՒկրաինայում է՝ ծանր զինատեսակներով։ Հիմա ՈՒկրաինայի տարածքում ավելի շատ ռուսական հրասայլ կա, քան Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում: Ռուսների ռազմական ներկայությունն այնտեղ շատ-շատ ծանրակշիռ է: Դրանից ավելի մեծ զորախումբ էլ տեղակայված է ռուս-ուկրաինական սահմանին: Ռուսները գիտեն, որ շատ հզոր են, ուկրաինացիներն էլ գիտեն, որ ռուսները հզոր են: Այնպես որ, ՈՒկրաինային զենքի տրամադրումը չի կարող փոխել ուժերի հավասարակշռությունը կամ սադրել Ռուսաստանին՝ անել մի բան, որ դեռ չի արել»,- ասել է նա։ Կուրտ Վոլկերը նախորդ վարչակազմերի օրոք Վաշինգտոնի դեսպանն էր ՆԱՏՕ-ում։ Նա հայտնի է Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ: Բարաք Օբաման չգնաց այդ քայլին, թեև ստացել էր Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը, նոր վարչակազմը քննարկում է հարցը, որ հնարավորություն տա ՈՒկրաինային ամրապնդել իր պաշտպանությունը՝ ասել է պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչը: «Մենք դեռ քննարկում ենք հարցը: Եթե մենք նման որոշում կայացնենք, հնարավորություն կտա ՈՒկրաինային պաշտպանել ինքն իրեն ռուսական նոր ագրեսիայի դեպքում: Ռուսաստանն ասում է, որ նման բան չի անում և չի էլ պատրաստվում: Եթե այդպես է, պաշտպանական զինատեսակների տրամադրումը կողմերից որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում»,- ասել է Կուրտ Վոլկերը:


Հուլիսի սկզբին պաշտոնը ստանձնած դիվանագետը մեկնել էր ՈՒկրաինա և շփման գոտում մի քանի օր անցկացնելուց հետո հայտարարել՝ այս հակամարտությունը ամենևին էլ սառեցված չէ, այստեղ թեժ պատերազմ է, որն անհրաժեշտ է օր առաջ կարգավորել: «Այս տարի, նախորդի համեմատ ավերածություններն ավելացել են 65 տոկոսով, միայն անցած մեկ շաբաթում տասը ուկրաինացի զինվոր է սպանվել, տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Ավդեևկան մի քանի օր զրկված էր ջրից ու էլեկտրաէներգիայից՝ շարունակական ռմբակոծությունների պատճառով։ Տուժում են երկու կողմերն էլ, սահմանի երկու կողմում էլ մարդիկ տառապում են: Սա շատ թեժ հակամարտություն է՝ աղետալի հետևանքներով, և հրատապ է, որ մենք քայլեր ձեռնարկենք՝ դադարեցնելու համար»,- ասել է դիվանագետը:
Առաջիկայում Վոլկերը հանդիպումներ կունենա եվրոպացի գործընկերների հետ, ապա այցի ադյունքները կներկայացնի պետքարտուղարին՝ ՈՒկրաինայի հարցում Վաշինգտոնի հետագա քաղաքականությունը ճշգրտելու համար:


«Մենք պետք է ռազմավարական շատ ավելի բարձր նշանակություն տանք այս հարցին՝ մեծացնելով ԱՄՆ-ի դերակատարությունը»,- պնդել է նա՝ ընդգծելով, որ նաև այդ պատճառով է Թրամփի վարչակազմը որոշել հատուկ ներկայացուցիչ ունենալ ՈՒկրաինայի հարցով։ Դիվանագետն ընդգծում է, որ գործող վարչակազմի համար այս հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները հստակ են:
«Մենք պետք է վերականգնենք ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը, պետք է անվտանգություն և ապահովություն տրամադրենք ՈՒկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ազգային ու կրոնական պատկանելությունից»,- ասել է Վոլկերը: Նա վստահ է՝ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, այլև խստացնել: «Սահմանափակումները տալիս են իրենց արդյունքը, և պետք է շարունակել այդ քաղաքականությունը»,- ասել է պետդեպարտամենտի՝ ՈՒկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչը։


Կրեմլը հարցազրույցից ժամեր անց քննադատել է ԱՄՆ-ի կողմից ՈՒկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։ «Դոնբասում իրավիճակը սադրող ցանկացած քայլ էլ ավելի կձգի հակամարտության կարգավորումը Արևելյան ՈՒկրաինայում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ