ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ ՈՒկրաինային մեղադրել է իր քարոզարշավը սաբոտաժի ենթարկելու փորձերի մեջ։ Սպիտակ տան ղեկավարը գրել է, թե ՈՒկրաինան աշխատանք է տարել իր մրցակից Հիլարի Քլինթոնին աջակցելու ուղղությամբ։ Թրամփը, սակայն, ապացույցներ չի ներկայացրել։
Հաջորդ գրառմամբ՝ նա քննադատել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզին, ում անձամբ էր նշանակել այդ պաշտոնում։ Թրամփի խոսքով՝ Սեշնզը «թույլ» դիրքորոշում է որդեգրել Հիլարի Քլինթոնի «հանցագործությունների» հարցում, որոնք ներկայումս հետաքննվում են։ Խոսքը անձնական էլեկտրոնային հասցեից ուղարկված գործնական նամակների մասին է, որոնք Քլինթոնը գրել է պետքարտուղար աշխատելու ժամանակ։
Նախօրեին լրատվամիջոցները գրել են, որ Թրամփը մտածում է Սեշնզին պաշտոնանկելու մասին։ Նախագահը նրանից դժգոհել էր նաև մեկ շաբաթ առաջ The New York Times-ին տված հարցազրույցում։ Նա գլխավոր դատախազից դժգոհում էր Սենատում ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ ցուցմունքներ տալու և Թրամփի շրջապատի ու ռուսների միջև հնարավոր կապի շուրջ հետաքննությանը մասնակցելուց հրաժարվելու համար։