ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին ևս մեկ անգամ զգուշացրել է՝ կատարել գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնագիրը, հակառակ դեպքում Թեհրանին սպառնալով «մեծ, մեծ խնդիրներով»: «Պատժամիջոցների մեղմացման համար փոխանակ շնորհակալ լինի, Իրանն ավելի է ագրեսիվացել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Տևական բանակցություններից հետո 2015-ի հուլիսի 14-ին Իրանը և վեց գերտերությունները համաձայնագիր կնքեցին: Պատմական որակվող այդ համաձայնությամբ նախատեսվում է Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Անցած շաբաթ ԱՄՆ վարչակազմը հաստատել էր, որ Իրանը հետևում է միջուկային համաձայնագրի պայմաններին, պնդելով, որ Թեհրանը խախտում է պայմանագրի ոգին: