ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը 419 կողմ և 3 դեմ ձայներով հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, որով սահմանափակվում են պատժամիջոցները վերացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:
Ընդունված նախագիծը տարբերվում է ավելի վաղ Սենատի հավանությանն արժանացած օրինագծից: Սպիտակ տունը, չնայած նախագահի լիազորությունների սահմանափակման դեմ առարկություններին, առայժմ չի հաղորդում՝ Թրամփը վետոյի կենթարկի օրինագիծը, և նշում է միայն, որ երկրի ղեկավարը կսպասի Կոնգրեսում փաստաթղթի վերջնական տարբերակի ընդունմանը: Սենատից առայժմ չեն հայտնում, թե երբ կքննարկեն Ներկայացուցիչների պալատի ընդունած նախագիծը: Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ նախագահը պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին, թե ինչու է ցանկանում առկախել կամ չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, և օրենսդիրները 30 օրում պետք է որոշեն՝ թույլ տալ, թե ոչ: