Անկարան փորձում է մեղմել Գերմանիայի հետ հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամը` խուսափելով անցանկալի տնտեսական հետևանքներից՝ Անկարայում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը` երկրում գործող 19 խոշորագույն գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: DPA գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը ներկա էին ազդեցիկ ընկերությունների թուրքական մասնաճյուղերի ղեկավարներ՝ Siemens-ի, Bosch-ի և Mercedes-Benz-ի: «Քաղաքական գործչի հիմնական գործառույթներից մեկը ճգնաժամերն առանց լուրջ վնասի հաղթահարելու կարողությունն է: Ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերություններին, մենք կրքերը թեժացնելու որևէ ցանկություն չունենք»,- հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:
Թուրքիայի` գերմանական բիզնեսի հետ ընդհանուր հայտարարի գալու փորձերը օրինաչափ են: Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2015-ին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում 6 հազար գերմանական ընկերություններ են գործում, որ ըստ Բինալի Յիլդիրիմի, իրենց գործունեության ընթացքում չպետք է զգան Անկարայի և Բեռլինի դիվանագիտական ճգնաժամի բացասական ազդեցությունը: «Շատ կարևոր է, որ դուք որևէ վնաս չկրեք վերջին զարգացումների պատճառով և որևէ մասնակցություն այս լարվածությանը չունենաք: Թույլ տվեք ինձ շատ հստակորեն արտահայտվել` մենք ձեր ղեկավարած ընկերությունները գերմանական չենք համարում: Մեզ համար դրանք թուրքական ընկերություններ են»,- հայտարարում էր Թուրքիայի վարչապետը: