ՌԴ-ի դեմ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել են Եվրամիությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց՝ Բրյուսելը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանի դեմ սահմանափակումները վտանգի տակ դնեն ԵՄ էներգետիկ անվտանգությունը: «Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսը չի նշանակում, որ Եվրոպան պետք է հայտնվի վերջին տեղում»,- հայտարարել է Յունկերը՝ հավելելով, որ այժմ Բրյուսելը դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով քննարկում է Նահանգների հետ նոր պատժամիջոցների հետ կապված մտահոգությունները: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, որոնց տակ կարող է հայտնվել ցանկացած երկրի ներդրող, որ կմասնակցի ռուսական գազն արտահանող խողովակաշարերի կառուցմանը:
Օրինագծի՝ ՈՒկրաինայի անվտանգությանը վերաբերող բաժնում նշվում է, որ անհրաժեշտ է հակազդել «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարությանը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Եվրոպա՝ շրջանցելով ՈՒկրաինան: Ըստ Forbes-ի, եթե ծրագիրը իրականություն դառնա, ՈՒկրաինայի բյուջեի եկամուտները կնվազեն 10 տոկոսով:
Բրյուսելում պնդում են՝ դեմ չեն աջակցել ՈՒկրաինային ու հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը, սակայն ոչ սեփական շահերը ստորադասելու գնով: «ԱՄՆ-ը չպետք է անտեսի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»,- հայտարարել է Յունկերը՝ հավելելով. «Ներկայացուցիչների տանն ընդունված օրենքը կարող է անկանխատեսելի և միակողմանի հետևանքներ ունենալ, որոնք կազդեն ԵՄ շահերի վրա էներգետիկ անվտանգության ոլորտում: Այդ պատճառով, Եվրահանձնաժողովը որոշել է՝ եթե մեր մտահոգությունները հաշվի չառնվեն ըստ արժանվույն, մենք պատասխան քայլեր կձեռնարկենք հաշվված օրերի ընթացքում»: Reuters-ը հաղորդում է՝ Բրյուսելում որոշել են, որ եթե դիվանագիտությունը արդյունք չտա, դիմելու են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ եվրոպական ընկերությունների շահերը պաշտպանելու համար: Ներկայացուցիչների պալատում ընդունված օրինագիծը դեռ պետք է հաստատվի Սենատում, ապա ներկայացվի Սպիտակ տան վավերացմանը: Գործող վարչակազմն առայժմ չի հստակեցնում՝ նախագահ Թրամփը մտադիր է ստորագրե՞լ, թե՞ կիրառել վետոյի իր իրավունքը: