Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Chatham House. ԱՄՆ-ը Հարավային Կովկասում հստակ քաղաքականություն չունի

Chatham House. ԱՄՆ-ը Հարավային Կովկասում հստակ քաղաքականություն չունի
01.09.2017 | 11:31

ԱՄՆ-ը նախկինի պես Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ քաղաքականություն չունի, նախագահի պաշտոնում Թրամփի լինելը հազիվ թե դա փոխի՝ նշված է Chatham House բրիտանական վերլուծական կենտրոնի կրտսեր աշխատակից Անահիտ Շիրինյանի հոդվածում: Նրա կարծիքով՝ Երևանի, Թբիլիսիի և Բաքվի հետ Վաշինգտոնի հարաբերությունները կմնան ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հարաբերությունների ավելի լայն դինամիկայի, Մերձավոր Արևելքի իրադարձությունների ազդեցության ներքո: «Այս համատեքստում որոշ պոտենցիալ ստորգետնյա քարեր կարող են ազդել Հայաստանի շուրջ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի վրա՝ երկրի արտաքին քաղաքականության համար հետևանքներ ունենալով»,- կարծում է նա: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա վատթարացումը նախկինի նման սահմանափակում է Հայաստանի մանևրելու տարածքը: Կախված պատժամիջոցների, նավթի գների և անհաջող բարեփոխումների հետևանքով Ռուսաստանի տնտեսության թուլացման չափից՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները նվազ կլինեն: Միևնույն ժամանակ, Իրանի հարցում Թրամփի դիրքորոշումը ևս Հայաստանին ձեռնտու չէ:


Վերլուծաբանը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է համարել ԱՄՆ-ի նկատելի մասնակցությունը տարածաշրջանի գործերին: «Հիմա Վաշինգտոնը կարող է փորձել տարածաշրջանում ակտիվանալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում մեծ դեր ստանձնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԱՄՆ-ի մեծացված դերը կնվազեցներ պատերազմի հավանականությունը և կհավասարակշռեր Մոսկվայի ներկայիս ջանքերը: Երևանը պետք է Վաշինգտոնի հետ խորհրդատվություն սկսի, որ համոզվի՝ եթե և երբ ԱՄՆ-ն սկսի մասնակցել, նրա դերը համաչափ կլինի Մոսկվայի մասնակցությանը և հավասարակշռված Երևանի ու Բաքվի նկատմամբ»,- կարծում է Անահիտ Շիրինյանը:


Վերլուծաբանը նշում է, թե պարտադիր չէ, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարության բացակայությունը և արտաքին քաղաքականության անորոշությունն ընդհանուր առմամբ Երևանի համար վատ երևույթ լինեն, դա Հայաստանին Վաշինգտոնի հետ մարտավարական համագործակցության զարգացման գործում նախաձեռնություն հանդես բերելու հնարավորություն է տալիս: 2015-ին առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր է ստորագրվել, վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար 8 մլրդ դոլար ներդնելու հնարավորության մասին, որը կարող է «յուրահատուկ դեր ունենալ Հայաստանի էներգետիկայի դիվերսիֆիկացման և անկախացման համար, էներգետիկայի ոլորտում Իրանի և Վրաստանի հետ համագործակցելու համար, ընդհանրապես Հայաստանի տարածաշրջանային դիրքի համար»: Վերլուծաբանի կարծիքով՝ գնդակը Հայաստանի դաշտում է, և հատկապես Երևանը պետք է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնի:

Դիտվել է՝ 2154

Մեկնաբանություններ