Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել Վարդենիս - Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը:
Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013-ի և 2014-ի հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրի վերականգնման ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այսօր Ասկերանի շրջանում կայցելեն նաև գինու նորաբաց գործարան:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: