Այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, 9 դպրոցներ առաջին դասարանցի չեն ունեցել՝ ասել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Նրա խոսքով, այդ դպրոցներից 4-ը գտնվում են Սյունիքի մարզում: Արշակյանը նկատել է, որ այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է. նախորդ տարի 37 հազար էր: Դպրոցների թիվը նոր ուսումնական տարում կրճատվել է 13-ով: Լուծարված դպրոցները հիմնականում քաղաքային են և միավորվելու են մոտակա հաստատությունների հետ: Լուծարված 13 դպրոցներում ընդհանուր առմամբ կա 230 ուսուցիչ և վարչական աշխատող: «Վստահեցնում եմ՝ այն բոլոր դպրոցները, որտեղ աշակերտները շարունակելու են իրենց կրթությունը, ունեն շենքային լավ պայմաններ, նյութատեխնիկական բազա, մանկավարժական համակազմ»,- նշել է Արշակյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ում գործող 21 հատուկ դպրոց վերակազմակերպվելու է՝ դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն: Այս տարի առաջին կուրսեցիների թիվը 9900-ից ավելի է: Նրանցից 1316-ը կսովորեն անվճար համակարգում: Այս տարի բուհ ընդունվել է 1300-ով պակաս ուսանող: