Վաշինգտոնում ՌԴ առևտրային ներկայացուցչության համալիրում զննում անցկացնելու ամերիկացի իրավապահների պահանջի կապակցությամբ Մոսկվայում բողոքի նոտա են հանձնել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության խոհրդատու-դեսպանորդ Էնթոնի Գոդֆրիին՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ լրատվության վարչությունը:
Մոսկվան հայտարարել է, որ առևտրային ներկայացուցչությունը համարվում է Ռուսաստանի պետական սեփականություն և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: «Առանց Ռուսաստանի պաշտոնատար անձանց ներկայության ապօրինի զննում անցկացնելու պահանջը, այդ թվում մուտքի դուռը կոտրելու սպառնալիքը, դիտում ենք որպես ագրեսիվ ակցիա, որի նպատակը կարող է լինել հակառուսական սադրանք կազմակերպելու ամերիկյան հատուկ ծառայությունների մտադրությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության տեքստում:
Ռուսական կողմի պնդմամբ, դա կհամարվի միջազգային նորմերի խախտում, որին անպայման կտրվի համարժեք պատասխան: Օգոստոսի 31-ին Վաշինգտոնը պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը և դադարեցնել Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության ու Նյու Յորքում նրա մասնաճյուղի գործունեությունը: