Գերմանական ARD հեռուստաալիքի հեռուստադիտողները քրիստոնեա-դեմոկրատ Անգելա Մերկելին հաղթանակ են շնորհել սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ հեռուստադեբատներում՝ փոխանցում է DW-ն։ Հարցման արդյունքներով, որն ARD-ի պատվերով անցկացրել է հասարակական կարծիքի հետազոտման Infratest-dimap ինստիտուտը, 55 տոկոսը նախապատվությունը տվել է Մերկելին, 35 տոկոսը՝ Շուլցին։ Մերկելին առաջին անգամ է հաջողվել հաղթել հեռուստադեբատներում՝ նման մեծ տարբերությամբ։ Հարցվածների 49 տոկոսն անվանել է Մերկելին «վստահության առավել արժանի», իսկ Շուլցին այդպիսին է համարում 29 տոկոսը։
Դեբատների գլխավոր թեմաներն են դարձել միգրացիոն ճգնաժամը, հարաբերությունները Թուրքիայի հետ, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը և Թրամփի դերն այդ հարցում, սոցիալական քաղաքականությունը, «դիզելային սկանդալը»։ Ռուսաստանի հետ հարաբերությունը և ուկրաինական հակամարտությունը մրցակիցները չեն քննարկել։
Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի 24-ին են: