Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ Դաշնության խորհուրդը քննարկում է օտարերկրացիներին արտաքսելու օրինագիծը

ՌԴ Դաշնության խորհուրդը քննարկում է օտարերկրացիներին արտաքսելու օրինագիծը
05.09.2017 | 21:08

ՌԴ Դաշնության խորհուրդը մշակում է օրինագիծ, որն իրավապահներին կընձեռի օտարերկրացիներին հարկ եղած դեպքում արտաքսելու հնարավորություն: Օրինագծի հիմքում «անցանկալի վարքագիծ» եզրույթն է, որ նշանակում է որևէ գործողություն կամ երևույթ, որը կարող է համարվել սպառնալիք ազգային անվտանգությանը: «Անցանկալի վարքագծի» համար Ռուսաստանի քաղաքացին կարող է ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության, իսկ օտարերկրացին՝ արտաքսվել: Ենթադրվում է, որ սենատորներն այդ օրինագիծը 2018-ի սկզբին կներկայացնեն Պետդումայի քննարկմանը՝ հաղորդում է «Իզվեստիան»:

Տեղեկությունը հաստատել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը: Օրինագիծը մշակող փորձագետները նշում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան ազգային անվտանգությանը սպառնացող օտարերկրացիներին արտաքսելու իրավական նորմեր: «Օվկիանոսից այն կողմ գտնվող մեր գործընկերները պարբերաբար միջամտում են մեր ներքին գործերին: Հիմա մենք հետևում ենք նախընտրական զարգացումներին, վերլուծում ֆինանսական հոսքերը, այդ դրամական միջոցները Վաշինգտոնից տարբեր խողովակներով ուղարկվում են Ռուսաստան և տրամադրվում մի շարք կազմակերպությունների»,- ասել է Կլիմովը:


«Իզվեստիայի» փոխանցմամբ, մի անանուն պաշտոնյա ասել է, որ «անցանկալի վարքագիծ» եզրույթը հիմնականում կիրառվելու է ֆիզիկական անձանց, նախ և առաջ՝ օտարերկրացիների նկատմամբ, թեպետ կարող է վերաբերվել նաև ՌԴ քաղաքացիներին և իրավաբանական անձանց: «Անցանկալիությունը» որոշվելու է Ռուսաստանի ազգային անվտանգությանը սպառնալու համատեքստում: Դա կարող է լինել ազգամիջյան կամ կրոնական ատելության հրահրում, միջամտություն ընտրական գործընթացներին և ռուսաստանյան կրթական հաստատությունների ու երիտասարդների հետ «դրսից» աշխատելու «անցանկալի եղանակ»,- նշում է գործակալությունը: Նախատեսված է օրինագծի հանրային քննարկում:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ