Բրիտանական ընդդիմությունը պահանջում է պաշտոնական հետաքննություն սկսել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր շրջապատի՝ Միացյալ Թագավորության տարածքում փողերի լվացմամբ զբաղվելու հարցով տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով՝ հաղորդում է բրիտանական The Guardian օրաթերթը: Աշխարհի տարբեր երկրների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը» (OCCCRP) ծավալուն զեկույց հրապարակեց, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում գրանցված չորս ընկերությունների միջոցով 3 միլիարդ դոլար են օրինականացրել:
Այդ գումարի մի զգալի մասը, ըստ հետաքննության հեղինակների, ծախսվել է Եվրամիության տարբեր պետություններ` Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան ներկայացնող քաղաքական գործիչներին, լրագրողներին ու գործարարներին կաշառելու նպատակով:
Լիբերալ-դեմոկրատների նախկին առաջնորդ, խորհրդարանի անդամ Թիմ Ֆարոնը հայտարարում է՝ ադրբեջանական փողերի լվացման ողջ պատմությունը հնարավոր դարձավ այն պարզ պատճառով, որ «մասնավոր ընկերությունների գործունեության դաշտը մեծ Բրիտանիայում թույլ վերահսկելի է»: «Մեզ լիարժեք հետաքննություն է անհրաժեշտ, որ վստահ լինենք՝ այդ կեղտոտ փողերով Միացյալ Թագավորության տարածքում չեն փորձել քաղաքական ազդեցության լծակներ ձեռք բերել: Ադրբեջանի կառավարությունը մարդու իրավունքների անդադար խախտումներ է թույլ տալիս, և այժմ պարզվում է, որ այդ վարչակազմը արդյունաբերական մասշտաբների ծախսեր է իրականացրել Մեծ Բրիտանիայի տարածքում»,- հայտարարել է Ֆարոնը:
Լեյբորիստական կուսակցության ստվերային կառավարության կազմում ֆինանսների նախարար Պիտեր Դոուդի խոսքով ևս շուտափույթ հետաքննության անցկացումը բխում է Մեծ Բրիտանիայի պետական շահերից: «Փողերի լվացումը հարվածում է մեր տնտեսությանը, դա գողություն է, նման գործողությունների հետևանքով բրիտանական հասարակությունը կոռումպացվում է: Երկրի ֆինանսական համակարգը պետք է արդյունավետորեն նպաստի ներդրումների հոսքին, որը բարերար ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա, այլ ոչ թե կավելացնի բրիտանացի և օտարերկրյա հանցագործների ու պլուտոկրատների օֆշորային հաշվեհամարների ֆինանսական միջոցները»,- նշել է Պիտեր Դոուդը:
Եվրախորհրդարանում Մեծ Բրիտանիան ներկայացնող Կանաչների կուսակցության անդամ Մոլի Սքոթ Կատոն ադրբեջանական փողերի սկանդալը շոկային է անվանում: «Մեծ Բրիտանիայում գործող ընկերությունների և օֆշորային գոտիների միջև հարաբերություններն այլասերում են այլ պետությունների վերնախավերին: Հետագայում էլ այդ նույն մարդիկ անազնիվ ճանապարհով վաստակած այդ միջոցներով սկսում են քաղաքական ազդեցություն գնել` կանխելով մարդու իրավունքների խախտումների և վատ կառավարման համար պատասխանատվության կանչվելու հեռանկարները»,- նշում է Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորը: