Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նոր կոռուպցիոն սկանդալ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների շուրջ

Նոր կոռուպցիոն սկանդալ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների շուրջ
06.09.2017 | 12:32

«Ադրբեջանական լվացքատուն», այսպես են բնութագրում համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» (OCCCRP) զեկույցի հեղինակները փողերի լվացման մեխանիզմը, որ գործել է 2012- 2014-ին եվրոպական մի շարք երկրներում: Ծավալուն հետաքննության մանրամասները երկուշաբթի երեկոյան հրապարակվեցին բրիտանական The Guardian թերթում: Հրապարակման համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքն ու նրան մոտ պաշտոնյաներն ու գործարարները երկու տարում եվրոպական բանկերից մեկի և Մեծ Բրիտանիայում հատուկ այդ նպատակով գրանցված չորս ընկերությունների միջոցով 3 միլիարդ դոլար են օրինականացրել: Ադրբեջանից դուրս բերված գումարների լվացման մասին վկայող բանկային փաստաթղթերն առաջինը կարողացել են հայթայթել դանիական Berlingske թերթի լրագրողները:
Դանիական մամուլի հետաքրքրությունն այս պատմության հանդեպ պատահական չէ: Ադրբեջանից դուրս բերված գումարները սկզբում փոխանցվել են դանիական Danske բանկի էստոնական մասնաճյուղ, որտեղից էլ վերաբաշխվել են Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների հաշվեհամարներին:


«Այդ ընկերություններից երկուսը գտնվում էին Անգլիայի, ևս երկուսը Շոտլանդիայի տարածքում»,- գրում է The Guardian-ը: Հետաքննող լրագրողների փոխանցմամբ, այդ աստղաբաշխական գումարները հետագայում օգտագործվել են մի շարք հիմնական ուղղություններով` թանկարժեք ունեցվածք ձեռք բերելու, բրիտանական մասնավոր դպրոցներում վարձավճարներ մուծելու և, թերևս ամենակարևորը, եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին, լրագրողներին և գործարարներին կաշառելու նպատակով: Զեկույցի հեղինակները նշում են ԵԽԽՎ իտալացի անդամ, այդ կառույցում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի անունը, նրա ջանքերի շնորհիվ 2013-ին տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունումը:
Հետաքննող լրագրողների պնդմամբ, բանկային փաստաթղթերը վկայում են, որ այդ ժամանակահատվածում Վոլոնտեն ադրբեջանական իշխանություններից 2 միլիոն եվրո է ստացել. «Եվս 820 հազար եվրո է ստացել Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների ղեկավարած հիմնադրամը: Լինտները 61 հազար եվրո է ստացել 2013-ի աշնանը՝ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց: Գերմանացի քաղաքական գործիչը դիտարկում էր այդ ընտրությունների ընթացքը՝ նշելով, որ «քվեարկությունը համապատասխանում էր Գերմանիայում ընդունված չափանիշներին»:
Ըստ հետաքննող լրագրողների, Ադրբեջանում գործող մասնավոր ընկերություններից մեկից 400 հազար եվրո էր ստացել նաև բուլղարացի տնտեսագետ Կալին Միտևը, որ անցյալ տարի ընդգրկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) խորհրդի կազմում: Միտևի կինը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան է, որ 2010-ին այս կառույցի բարձրագույն պարգևը` Մոցարտի շքանշանն էր հանձնել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային: Զեկույցի հեղինակների պնդմամբ, փողերի լվացման մեխանիզմին մասնակցել է ռուսական արտադրության սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունք ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը:


Danske բանկի գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, РосОборонЭкспорт-ը 2012-ին 29 միլիոն ամերիկյան դոլար է փոխանցել փողերի լվացման այս մեխանիզմում ներգրավված ընկերություններից մեկին: Եվս 1 միլիոն 800 հազար դոլար է փոխանցվել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդուն պատկանող օֆշորային ընկերության հաշվեհամարներին: РосОборонЭкспорт-ը ևս մեկ փոխանցում է կատարել Մեհրիբան Ալիևայի հոր` Արիֆ Փաշաևի հետ առնչություններ ունեցող մի ընկերությանը: Այս բոլոր փոխանցումները կատարվել են, երբ Ադրբեջանը 4 միլիարդ դոլարի սպառազինություն էր ձեռք բերել РосОборонЭкспорт ընկերություններից:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արդեն արձագանքել է հետաքննող լրագրողների բացահայտումներին: «Ոչ Ադրբեջանի նախագահը, ոչ էլ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն հոդվածում տեղ գտած մեղադրանքներին: Մենք գիտենք, որ այս ամենի թիկունքում կանգնած է Ջորջ Սորոսը, որը միջազգային հանրության շրջանում կեղծարարի, խաբեբայի և ստախոսի համբավ ունի: Այն հանգամանքը, որ The Guardian թերթում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայկական ծագում ունեցող լրագրողուհի Դիանա Նահապետյանն է, վկայում է, որ այս կեղտոտ մեղադրանքները նաև համաշխարհային հայության ձեռքի գործն են»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ