Ադրբեջանի իշխանությունների և եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ փողերի լվացման դեպքերի և կոռուպցիոն սկանդալների հերթական բացահայտումը ամբողջ Եվրոպային հասցված ապտակ է՝ ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, փոխնախարարը նշեց. «Եկեք ամեն ինչ ճիշտ հասկանանք. ինչ-որ մեկը դատարանում է, նրան դատում են:
Իրականում սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանի դեմ դատ, իհարկե՝ փոխաբերական իմաստով, ոչ իրավական տեսակետից: Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում ամբողջ Եվրոպայում՝ քննություններ, նույնիսկ քրեական գործեր, օրինակ՝ Իտալիայում, վկայում են՝ համբերության բաժակը լցվել է: Հարցն այն է, որ մարդիկ թուլակամ են, և նույնիսկ Եվրոպայի սրտում պատգամավորները և պաշտոնատար անձինք չեն կարողանում այս գայթակղությանը դիմակայել»: Շավարշ Քոչարյանի գնահատականով՝ անչափ հետաքրքիր օրինաչափություն կա՝ գայթակղվում են այն պատգամավորները, ում լիազորությունների ժամկետը սպառվում է: «Սակայն սա, ամեն դեպքում, խայտառակություն է, ամբողջ Եվրոպային հասցված ապտակ: ՈՒստի պատահական չէ, որ այս ամենը սկսվեց, և պատահական չէ, որ Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ նրանք ասում են, որ հայերն են արել: Ինչ էլ տեղի ունենա՝ հայերն են մեղավոր: Սակայն սա նրանց նկատմամբ մեղադրանքներն ավելի է սաստկացնում: Նրանք հայտարարում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի: Սակայն չեն հերքում, որ այդ ամենը տեղի է ունեցել: Այսինքն՝ այս երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, ինչ-որ մեկն առանց Ալիևի գիտության երկրից 3 մլրդ դոլար է դուրս բերել և ինչ-որ գործարքներ կնքել: Սա ինքնին անհեթեթ է»,- հավելեց Շավարշ Քոչարյանը: Հնարավոր համարու՞մ է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ պատժամիջոցների կիրառման կամ որոշակի լիազորություններից զրկելու հնարավորությունը հարցին ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Կարծում եմ, որ նման իրավիճակը աստիճանաբար կհասունանա»:
Բրիտանական The Guardian-ի բացահայտած բանկային հաշվետվություններով պարզվել են Ադրբեջանի բազմաթիվ վճարումները ԵԽԽՎ մի քանի նախկին անդամներին՝ գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինտներին, ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին: 2012- 2014-ը Լինտների հաշվին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով փոխանցվել է 891 հազար եվրո, նա Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Գերմանիայի դիտորդական հանձնաժողովը: 2012-2014-ին Վոլոնտեն նույն ընկերությունների միջոցով ստացել է 2 մլն եվրո: