Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ղպտի ուխտավորների` գլխավորությամբ Ղպտի ուղղափառ եկեղեցու ԱՄՆ-ի հարավային շրջանի թեմի առաջնորդ Յուսեֆ եպիսկոպոսի: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց Քույր Եկեղեցու հետևորդների Հայաստան կատարած ուխտագնացության առիթով` ընդգծելով, որ հնարավորություն կընձեռի նրանց հաղորդակցվելու Հայոց Եկեղեցու հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությանը: Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանյայց առաքելական և Ղպտի ուղղափառ եկեղեցիների ջերմ և բարեկամական հարաբերություններին` ջերմությամբ վերհիշելով իր այցը Եգիպտոս և Ղպտի Եկեղեցու հովվապետերի այցերը Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Վեհափառ Հայրապետը նաև խոսեց ղպտի ժողովրդի զորեղ հավատքի և Քրիստոսի հանդեպ սիրո մասին` անդրադառնալով Եգիպտոսում նրա առջև ծառացած դժվարություններին և մարտահրավերներին, երբ շարունակում են հավատքի համար նահատակվել հավատակից ժողովրդի բարեպաշտ զավակներ: Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց Եկեղեցու զորակցությունը հայտնեց Քույր եկեղեցու հովվապետին, հոգևոր դասին և հավատացելոց` նշելով, որ նրանք մշտապես իր աղոթքներում են:
Յուսեֆ եպիսկոպոսը խորին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և հայրապետական օրհնությանն արժանացնելու համար` ընդգծելով, որ ուխտավորներն առաջին անգամ են այցելում Հայաստան` այն օրհնյալ երկիրը, ուր ապրել և քարոզել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, որ նաև Ղպտի Եկեղեցու կողմից է հիշատակվում: Սրբազանն Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Ղպտի ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի պապ և Համայն Աֆրիկայի պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, տեղեկացրեց ԱՄՆ-ում Քույր եկեղեցիների թեմերի միջև ձևավորված սերտ կապերի և գործակցության մասին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը հայցեց Ամենակալ Աստծու առատ օրհնություններն ու ողորմությունը Ղպտի Եկեղեցու և նրա հավատացյալների համար, որ ապրեն խաղաղ կյանքով, և Աստծո Ամենազոր Աջը մշտապես հովանի ու պահապան լինի նրանց: