Էթիկապես ճիշտ չէ դիվանագետին մեկնաբանել իր նախագահի խոսքերը` սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միաժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արևմուտքին՝ ՈՒկրաինային զենք մատակարարելու հարցում։ Հարցին, թե որքանո՞վ է սա տեղավորվում առողջ տրամաբանության սահմաններում, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ասաց, որ չի մեկնաբանի ՌԴ նախագահի հայտարարությունը. «Դուք այլ թեմաներ չունե՞ք, ինչքա՞ն կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն այդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել է»:
Դեսպանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությանը՝ նշելով. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետև նրանք տեսնում են ԵԱՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։