Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1400 մարդ աշխարհի 70 երկրից: Համաժողովն անցկացվում է Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը, Երևանում:
Լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Խոսքն ուղղելով Սփյուռքի հայրենակիցներին` նախարարն ասաց` բարով եք եկել ազատ ու անկախ Հայաստան, ձեր հայրենիք: Նշեց, որ նախորդ համաժողովից անցել է երեք տարի, այդ ընթացքում ի մի են բերել բոլոր առաջարկություններն ու դիտողությունները: Նախարարի խոսքով` ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ՝ 1500-ից ավելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են շուրջ 400-ից ավելի պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:
Համաժողովի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: