ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նախապես չհայտարարված այց են կատարել Աֆղանստան: Սեպտեմբերի 27-ին նրանք ժամանել են Քաբուլ` հայտնել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչը:
Մաթիսը և Ստոլտենբերգը հանդիպելու են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, ամերիկյան ուժերի հրամանատարների և զինծառայողների, ՆԱՏՕ-ի առաքելության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է մամուլի համատեղ ասուլիս Աֆղանստանի նախագահի հետ:
Անցած ամիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Աֆղանստանում ամերիկյան նոր ռազմավարության մասին, ըստ որի՝ ևս 3 հազար զինծառայող կուղարկվի Աֆղանստան, միանալու այնտեղ գտնվող 11-հազարանոց զորախմբին: Ընդդիմախոսները կասկածում են, թե ամերիկյան ուժերի համալրումը կարող է արդյունավետ լինել: Նախկինում Աֆղանստանում շուրջ 100 հազար զինծառայող էր տեղակայված: