Թուրքիան փորձում է ոչնչացրել իր պատմական արխիվներն ու փաստաթղթերը կամ ձերբազատվել դրանցից` իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«Մի քանի տասնամյակ շարունակ թուրքական կառավարությունը և նրա քարոզիչները հայտարարում են, որ պետական փաստաթղթերը, մասնավորապես Օսմանյան արխիվները, ամբողջովին բաց են և հասանելի ամբողջ աշխարհի ցանկացած հետազոտողի համար: Սակայն թուրք պաշտոնյաներն ու նրանց կողմնակիցները լռում են, որ Օսմանյան արխիվների բազմաթիվ փաստաթղթեր հեռացվել, ոչնչացվել, վաճառվել կամ մշակվել են: Բացի այդ, որոշ գաղտնի արխիվներ դեռ փակ են օտարների համար:
Անցյալ ամիս թրքուհի լրագրող ՈՒզայ Բուլութը PhilosProject.org կայքում մի բացահայտող հոդված տեղադրեց՝ «Թուրքիան առանց գրաքննության. գրաքննության և արգելքների պատմություն» վերնագրով՝ մի քանի հարյուրամյակների անցյալ ունեցող թուրքական արխիվների և փաստաթղթերի կարգավիճակի վերաբերյալ: Բուլութը ազատ է նման գաղտնիքներ բացահայտելու հարցում, քանի որ չի ապրում Թուրքիայում և այժմ հաստատվել է Վաշինգտոնում:
Այսօր Թուրքիայում պետական պատվերով արգելափակված է Վիքիպեդիայի կայքը` Վիքիպեդիան հրաժարվել է ջնջել հոդվածները, որոնք բացահայտում են, որ թուրքական իշխանությունները աջակցում են Իսլամական պետության ահաբեկիչներին: Բացի այդ, Թուրքիան արգելափակել է 127 հազար կայք և 95 հազար անհատական վեբկայք, տեղեկացնում է լրագրող ՈՒզայ Բուլութը:
Այսօրվա հազարավոր կայքերի արգելումը շարունակությունն է Օսմանյան սուլթան Բայազիդ II- ի 1485-ի հրամանագրի, որով մահապատժի էին դատապարտվում բոլոր նրանք, ովքեր թուրքերեն կամ արաբերեն գրքեր էին տպագրում։Այդ արգելքը մնաց ավելի քան երկու դար: «Այդ արգելքը պատմաբանների կողմից լայնորեն վկայակոչվում է որպես իսլամի մտավոր և գիտական փլուզման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերական հեղափոխության արշալույսին»` գրում է Բուլութը:
Թուրքիայի Հանրապետությունը 1923-ից ի վեր, իր հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրոք, շարունակեց գրաքննության ավանդույթը՝ արգելելով «առնվազն 130 թերթ, ամսագիր և գիրք՝ ըստ Մուստաֆա Յըլմազի և Յասմին Դորենի «Գրաքննությունը հանրապետական ժամանակաշրջանում (1923-1973)» գրքի»: Թուրքիայի երկրորդ վարչապետ Ադնան Մենդերեսը, 1950-60-ականին արգելեց 161 հրատարակություն:
Վերադառնալով արխիվային գրաքննությանը, Բուլութը մեջբերել է թուրք հրեա պատմաբան Ռիֆաթ Բալիին, որը «բացատրում է մշակված կամ ոչնչացված պետական արխիվների պատմությունը իր 2014 թ. գրքում՝ «Թալանի ոչնչացման պատմությունը. տպագրված կամ գրված բառեր, մեռած տառեր, արխիվները դեն են նետել (կամ վաճառել) որպես թափոններ»… Շատ կուսակցությունների, Սենատի և մի քանի այլ կառավարական կամ ոչ կառավարական հաստատությունների արխիվներ կամ փակ են հանրային օգտագործման համար կամ այլևս գոյություն չունեն»: Ըստ Բալիի՝ «Թուրքիայում կուսակցությունների արխիվները փակվել են 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման ժամանակ և ուղարկվել SEKA (ցելյուլոզի և թղթի գործարաններ), որպես թղթի թափոն»:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) արխիվն ամենակարևորն է, քանի որ հանրապետության հիմնադրման տարիների կուսակցությունն է: Ինչպես Բալին է գրում. «Ոմանք ասում են, որ արխիվն այրվել է, ոմանք՝ որ դեն է նետվել սեպտեմբերի 12-ին: Մի քանիսն էլ պնդում են, որ դրանք դեն չեն նետվել, այլ այստեղ են: Այսպիսով, այսօր դա առեղծված է: Արխիվի մեծ մասը գոյություն չունի»: Բալին տեղեկացրել է, որ «նախագահության, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Ներքին գործերի նախարարության արխիվները փակ են»: Հետաքրքիր է, Բալին գրի է առել մի տարօրինակ պատմություն, թե ինչպես են «1998 թ. Անկարայում արտգործնախարարության գաղտնի փաստաթղթերը հայտնաբերվել թափոններ վաճառողի մոտ: Նախարարությունը նրան վաճառել էր 15 երկաթյա չհրկիզվող պահարան: Հետո պարզվել է, որ նախարարությունն այդ պահարանները վաճառել էր շենքի ներսում ազատ տարածքների բացակայության պատճառով, նույնիսկ առանց նայելու, թե ինչ կար դրանց մեջ»: Բալին իր գրքում բերում է նաև կարևոր փաստաթղթերի ոչնչացման այլ օրինակներ.
-«Թուրքիայի պատմության ինստիտուտի փաստաթղթերից շատերը, ներառյալ Աթաթուրքի մի նամակ, ոչնչացվել են».
-«1961 թ. Սահմանադրությամբ ստեղծված Սենատի նիստերի բոլոր արձանագրությունները, որ ակտիվ էր մնացել մինչև 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը, ուղարկվել էին Ցելյուլոզի և թղթի գործարաններ (SEKA)».
-«Երբ Կրոնական հարցերի (Դիյանեթ) պետական ֆինանսավորմամբ նախագահությունը 1965 թ. տեղափոխվեց նոր շենք, նրա ղեկավարությունն ասաց, որ «հին փաստաթղթերը չեն տեղավորվում նոր շենքի մեջ» և արխիվի փաստաթղթերից մի մասը ուղարկեց SEKA».
-«Երբ 1980-ականին SEKA-ում թղթի պակաս առաջացավ, պետական կառույցներին կոչ արվեց իրենց հին թղթերն ուղարկել գործարան: Այսպիսով, շատ արխիվներ ինստիտուցիոնալ մակարդակով ոչնչացվեցին».
-2013 թ. Թուրքիայի ազգային գրադարանի հունարեն, եբրայերեն և ասորերեն հին գրքերը տոննաներով վաճառվեցին, պատճառաբանելով «որ չկային գրադարանավարներ, որոնք կարող էին կարդալ այդ լեզուները»:
Որպես հետաքննող լրագրող ՈՒզայ Բուլութը եզրակացրել է. «Թուրքական հասարակությունից գաղտնի պահված այսքան շատ տեղեկատվության միջոցով, թուրքական քարոզչությունը ստեղծել է այնպիսի զանգվածներ, որ կուրորեն հետևում են ցանկացած պետական իշխանության, կորցրել են բարոյական կողմնացույցը և երբեք չեն առարկել կամ արտահայտվել, նույնիսկ երբ ականատես են եղել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք չեն հարգում հայացքների տարբերությունը կամ այլակարծության իրավունքը, որոնք առաջ են շարժվում պատմության ծայրահեղ սխալ տարբերակով»:
Հաջորդ անգամ, երբ թուրքական կառավարության քարոզիչները գրեն, որ «մեր արխիվները բաց են», դուք կարող եք նրանց ուղարկել այս հոդվածի պատճենը. այնտեղ գտնվող նշանավոր թուրք լրագրող ՈՒզայ Բուլութի բացահայտումները կփակեն նրանց բերանները»: