Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական են, ինքը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար, հայտնում է «Sputnik-Բելառուս» գործակալությունը:
«Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, և մենք իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»,- հայտարարել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահն ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունն օգնել Ադրբեջանի ժողովրդի անվտանգության ապահովմանը: «Ես լավ հիշում եմ, որ դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ նեցուկ է եղել բելառուսական պետությանը»,- ասել է Լուկաշենկոն: Զաքիր Հասանովը բարձր է գնահատել Մինսկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը: «Դա գերազանց բելառուսական որակ է: Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության սպառազինությունից և տեխնիկայից, և ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք և ռազմական տեխնիկա է»,- ասել է նա: