Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ աշխատանքային օրը ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը ՏԶՏՀ-ի` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, խնդիրները քննարկելիս ժամանակի սղության պատճառով` ելույթը փոխանցել է ԵԽԽՎ քարտուղարություն: Ելույթում նշվում է, որ Վան Դեր Մալենի, Տուրա Էլզինգի, Ժամ Մարի Բոկելյանի ու Ալֆրեդ Հերի զեկույցը հակիրճ ներկայացնում է ՏԶՀԿ երկրների մակրոտնտեսական իրավիճակի ամփոփումը, ներկա ռիսկերը նվազեցնելու ուղիները, ներառում ֆինանսական թափանցիկության` էթիկապես և տնտեսապես վճռական բնագավառում իրականացված հաջողված, բազմակողմանի գործողությունների օրինակներ, զեկույցը նաև քննարկում է անհավասարության խնդիրը և հակիրճ անդրադառնում ՏԶՀԿ տարածաշրջանում երիտասարդների գործազրկության և այլ կարևոր խնդիրներին:
«Հայաստանը 2015-ից ՏԶՀԿ Թափանցիկության և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի անդամ է: 2017-ի հունիսին ՀՀ կառավարությունը ստորագրել է «Հարկային բազայի լվացման և եկամուտների հափշտակման կանխարգելման դեմ ուղված հարկային պայմանագրերի և միջոցների իրականացման շուրջ» բազմակողմանի կոնվենցիան: Մենք շատ ենք կարևորում ՏԶՀԿ-ի տրամադրած տեխնիկական օժանդակությունը, խորհուրդներն ու աջակցությունը: Չնայած մակրոտնտեսական և կառուցողական բարեփոխումների նկատելի առաջընթացին, Հայաստանը շարունակում է առերեսվել մի շարք ճգնաժամային տնտեսական մարտահրավերներին: Չնայած վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճը՝ չափված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով կայուն է եղել, այնուամենայնիվ տնտեսական զարգացման մի շարք հարցեր պետք է լուծվեն: Մենք նույնպես մտահոգված ենք հարստության և եկամուտի անհավասարության խնդրով, որ ոչ միայն տնտեսական է, այլև բարոյական: Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է մշակի ծրագրային քաղաքականություն աշխատանքային շուկայի և սոցիալական պաշպանության կապն ամրացնելու նպատակով»` նշված է ելույթում:
Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է մակրոտնտեսական մակարդակի որոշ խնդիրների, որոնք վճռական են Հայաստանի տնտեսական կայունացման համար: Նա շեշտել է, որ այս ոլորտում հիմնական խնդիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի միակողմանի տնտեսական շրջափակումն է: Հայաստանի սահմանները Եվրոպայում միակ փակված սահմաններն են, և դրանք փակել են ԵԽԽՎ անդամ երկրները: «Վեհաժողովի անդամները պետք է դատապարտեն այդ միջոցների պարտադրումը, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը արդեն դատապարտել է և մերժել նման գործողությունների պարտադրումը: Տնտեսական շրջափակումները խորապես ազդում են զարգացող երկրների վրա, որոնք Գլոբալ ֆորումի անդամ երկրների կեսն են: Զեկույցը բազմակողմանի առևտրի հարցին անդրադառնալիս պնդում է, որ տնտեսական վերականգնման թուլությունն ու փխրունությունը նշանակում են, որ ԽՎ-ի անդամները որպես քաղաքական ղեկավարներ պետք է հաստատակամորեն հանդես գան հօգուտ բաց տնտեսության: Կցանկանայի ուշադրություն հրավիրել գործազուրկ երիտասարդների թվի աճի դեմ պայքարելու կոչին: Երիտասարդների գործազրկության թիվը Հայաստանում ավելի բարձր է, քան գործազրկության մակարդակի միջին ցուցանիշը: ՀՀ կառավարությունը մի կողմ է դրել գործազրկության նպաստը վճարելու պասիվ քաղաքականությունը և անցել բնակչության աշխատանքի ապահովման ակտիվ քաղաքականությանը: Եվ մեկ անգամ կցանկանայի նշել, որ հանրային կյանքում ազնվությունն ու թափանցիկությունն լավ կառավարման և տնտեսական կայունացման և աճի անբաժանելի մասն են»` ասված է զեկույցում: