Թուրքիայի նախագահը խոր ափսոսանք է հայտնել վիզաների տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Երեկ երեկոյան Կիևում, առաջին անգամ արձագանքելով այս հարցին, Ռեջեփ Էրդողանն ընդգծել է․«Մենք ցեղախումբ չենք, Թուրքիան ղեկավարվում է օրենքի գերիշխանությամբ, և ես հանձնարարել եմ ամերիկացիներին համարժեք պատասխան տալ»:
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը պետքարտուղարության կայքում տեղադրված տեսաուղերձում պնդել է՝ «այնպիսի տպավորություն է, ասես Թուրքիայում որոշ պաշտոնյաներ փորձում են քայքայել թուրք-ամերիկյան հարաբերությունները»: Դեսպանը նշել է, որ ամերիկյան կողմը չի կարողացել պարզել՝ ինչու է ձերբակալվել իրենց հյուպատոսության աշխատակիցը և ինչ հիմքով: «Մենք այդպիսի որոշումներին լուրջ ենք մոտենում և խոր ափսոսանքով»,- ընդգծել է Բասսը:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին Financial Times-ին ասել է․ «Ամերիկյան որևէ վարչակազմ թույլ չի տա իր հետ այսպես վարվել՝ անկախ այն հանգամանքից, թե որքան կարևոր է այդ երկիրը Վաշինգտոնի համար»: «Սա շատ արտառոց քայլ է, որին մենք չենք դիմել անգամ ռուսների դեպքում»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը, ընդգծելով՝ ճգնաժամը պետք է հարթվի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի մակարդակով: