Թուրք լրագրող Ահմեդ Հաքանը թուրքական t24.com.tr կայքի իր սյունակում անդրադարձել է թուրք - ամերիկյան նոր՝ վիզային ճգնաժամին: Հաքանը հեգնել է Թուրքիայի իշխանություններին՝ ասելով, որ ժամանակին թուրք խոհարարները, հյուրանոցներում մատուցելով ռուսական աղցան՝ մենյուում վերանվանում էին «Ամերիկյան», սակայն այժմ եկել է ժամանակը ամերիկյան «աղցանը» ռուսականի վերածելու:
Հաքանը փորձել է ակնարկել, որ թուրքական կողմը պետք է մտածի, թե ինչպես է բարելավելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ինչպես ստիպված եղավ անել Ռուսաստանի դեպքում: «Դեռ 10 օր առաջ ԱՄՆ-ից ինքնաթիռներ էինք գնել` 11 միլիարդ դոլարի... Հիմա որ վիզա չկա, ի՞նչ են անելու, փոստո՞վ են ուղարկելու»,- գրել է Հաքանը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը իսկապես զավեշտալի է:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։ Անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով։