Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում
12.10.2017 | 03:04

Պետությունների և պատվիրակությունների հարգելի՜ ղեկավարներ,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար:


Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերն արտահայտում են Համագործակցությունում ՌԴ ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ և առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան:
Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների: Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ: Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իրական դրսևորում գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ: Համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը: Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ժողովուրդներին միավորող գործոն: Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման և զարգացման գործում: Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք: Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում:


Կցանկանայի նաև ընդգծել 2019-ը Գրքի տարի, իսկ 2020-ը Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարի հռչակելու կարևորությունը:
Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում` ԱՊՀ երկրներից: Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարևորություն ունեցող պայման է:


Համոզված եմ, որ Մեծ հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:
Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսևորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և կազմակերպված հանցավորությունը: Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի և միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում:


Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին և անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, որ ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ-ի:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ