ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ելույթի ժամանակ վստահություն է հայտնել, որ իր վարչակազմին հաջողվում է երկրին վերադարձնել այլ պետությունների շրջանում վայելած երբեմնի հարգանքը: «Ամերիկային կրկին հարգում են»,- հայտարարել է նա ՝ խոսելով իր կառավարության ձեռքբերումների մասին: Ի հաստատումն իր խոսքերի Թրամփն ասել է. «Այսօր ինչ-որ բան էր պատահել մի երկրում, որը մեզ ընդհանրապես չէր հարգում:
Այնտեղից զանգահարեցին շատ-շատ կարևոր նորություններով: Իմ գեներալներն ասացին, որ սա մեծ հարգանքի նշան է և որ մեկ տարի առաջ նման բան չէր կարող տեղի ունենալ»: Թրամփը չի մանրամասնել, թե որ երկրի ու ինչ իրադարձության մասին է խոսքը: «Դուք, հավանաբար, այդ մասին կլսեք մի քանի օրից: Դա մի երկիր էր, որ մեզ չէր հարգում, բայց հիմա արդեն հարգում է»,- ասել է Թրամփը: