Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից
14.10.2017 | 14:08

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները: Ըստ կառույցի կայքում հրապարակված հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի բացառում ՄԻԵԴ-ից։ Եվրոպական կառույցներն ու բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին և ափսոսանք հայտնել, որ չնայած դատարանի եզրակացություններին և հնչած կոչերին՝ Իլգար Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ:


«Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013-ի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014-ին ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը:
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ:


Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին:
ԵԽԽՎ-ն ընդունել է նաև Ալեն Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում» զեկույցի վերաբերյալ №14397 բանաձևը: Զեկույցի նախագծում Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տրվում «խավիարային դիվանագիտության» հետ կապված կոռուպցիոն սկանդալի անկախ և անկողմնակալ հետաքննություն սկսել:


Մեկնաբանելով այս որոշումները՝ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովն ասել էր. «ԵԽԽՎ-ում չե՞ն տեսնում՝ ուր է տանում Եվրոպային այդ քաղաքականությունը: Եթե ԵԽԽՎ-ն կարծում է, թե իր հիմնական առաքելությունը գործընկերների համար պատիժներ որոշելն է, իսկ հենց իր մոտ բացակայում են ցանկացած պարտավորություններ, այդ դեպքում ու՞մ և ինչի՞ համար է հարկավոր նման մարմինը»։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ