Ղազախստանը, որն ավելի վաղ խստացված հսկողություն է սահմանել Ղրղզստանի հետ սահմանին, չի խախտում ԵԱՏՄ նորմերը` հայտարարել է ազգային տնտեսության նախարարության ղեկավար Թիմուր Սուլեյմենովը: Ղրղզստանի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ Ղազախստանը երկրի հետ սահմանին անվտանգության խստացված միջոցներ է սահմանել, ինչի պատճառով մեծ խցանումներ են առաջացել, կուտակվել են ավտոմեքենաներ և բեռնատար մեքենաներ: Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ պետական սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Ղազախստան-Ղրղզստան հատվածում, իրականացվում է պլանային սահմանային գործողություն:
Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարությունը նամակ է ուղարկել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ նշելով, որ Ղազախստանը խախտում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները: «Մենք գործում ենք մեր օրենսդրության և ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների շրջանակներում»,- հայտարարել է Սուլեյմենովը կառավարության նիստի արդյունքներով: Նա նշել է, որ ցանկացած երկիր իր տնտեսական և այլ շահերի պաշտպանության անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել նման միջոցներ, և հավելել է, որ իրավիճակը քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա: