«Իրաքի քրդական ինքնավարությունը պատմական ոչ մի իրավունք չունի Քիրկուկ նահանգի նկատմամբ»` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Բաղդադի և քրդական ինքնավարության միջև նավթային պաշարներով հարուստ Քիրկուկ նահանգի համար պայքարը սրվել է սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում կայացած հանրաքվեից հետո: Իրաքի կառավարական զորքերին հաջողվեց վերահսկողություն հաստատել վերջին երեք տարին քրդական ինքնավարության անմիջական տիրապետության տակ գտնվող Քիրկուկ նահանգում:
Անկարան աջակցություն հայտնեց Իրաքի կենտրոնական իշխանություններին երկրի ամբողջականությունը պահպանելու և տևական խաղաղություն հաստատելու հարցում: Նախագահ Էրդողանը, քննադատելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությանը, նրանց կոչ է արել մնալ իրենց սահմաններում:
«Մի՞թե ձեր պատմությունը կապված է Քիրկուկի հետ: Ի՞նչ եք անում Քիրկուկում: Մնացեք այն շրջանում, որտեղ գտնվում է Հյուսիսային Իրաքի վարչակազմը»,- հայտարարել է Էրդողանը: Նրա խոսքով՝ քրդական ինքնավարության իշխանությունները բռնություն են կիրառել Քիրկուկի բնակչության նկատմամբ և պատասխանատվություն են կրում Իրաքում տեղի ունեցած արյունահեղության համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիան, որն ավելի վաղ աջակցում էր Իրաքի քրդական ինքնավարության իշխանություններին, այսօր ստիպված է Էրբիլի համար փակել հսկիչ անցակետերն ու օդային տարածքը: «Էրբիլից արդեն ոչ մի թռիչք հնարավոր չի լինի, քանի որ ամենակարևոր օդային տարածքում մենք ենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Քիրկուկի շուրջ ծավալված զարգացումներին, հայտարարել է, թե Էրբիլին նախազգուշացրել էին իրենց քայլերի հնարավոր հետևանքների մասին: «Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը սխալ հաշվարկ արեց և չլսեց մեր խորհուրդները: Մտածում էին, թե միավորելու էին քրդերին, սակայն, ցավոք, հակառակը տեղի ունեցավ: Հիմա այնտեղ մեծ քաոս ու խառնաշփոթ է տիրում»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Իրաքի Սահմանադրության համաձայն՝ Քիրկուկը կապված է երկրի կենտրոնական իշխանությանը: Նա նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Բաղդադին: