Կիևում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունից, վերջին տվյալներով, սպանվել է երկու և վիրավորվել է հինգ մարդ: Վիրավորների թվում է արմատական կուսակցությունից Գերագույն ռադա ընտրված ազգայնական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը:
Ականված մոտոցիկլետը պայթեցվել է այն պահին, երբ Մոսիյչուկը և ևս մի քանի մարդ դուրս են եկել Կիևի Սոլոմյանսկի շրջանում գտնվող «Էսպրեսո» հեռուստաընկերության շենքից: Հարուցվել է քրեական գործ կազմակերպված հանցավոր խմբի կողմից ահաբեկչական գործողություն իրականացնելու հոդվածով:
ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սպանվածներից մեկը Մոսիյչուկի 30-ամյա թիկնապահն էր՝ հատուկ նշանակության ստորաբաժանման սպա, մյուսը՝ պատահմամբ այդ վայրում հայտնված մի 36-ամյա տղամարդ: Արմատական կուսակցությունը պայթյունն անվանել է «Մոսիյչուկի մասնագիտական գործունեության հետ կապված սպանության փորձ»: