Քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է, Եռաբլուր զինվորական պանթեոնում, խոսելով Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Ցավոք, մեր երիտասարդ պետությունը ևս զերծ չմնաց այդ փորձությունից»,- նշեց նա։ Պաշտպանության նախարարն ընդգծեց՝ եթե Սպարապետ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել է Հայաստանի Հանրապետությունը։ «Հպարտ կլիներ տեսնելու մեր բանակը, մեր Զինված ուժերը և, իհարկե, մենք էլ շատ ավելի ամուր կլինեինք՝ ունենալով այդպիսի ազգային գործչի տեսլականը և մասնակցությունը մեր երկրի կայացման գործում»,- ասաց նա։ Հարցին՝ ու՞մ էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը, նախարարն ասաց, որ ինքը վարկածներ երբևէ չի մեկնաբանել։ «Ես վարկածներ մեկնաբանելու մեծ սիրահար չեմ, կարծում եմ, որ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, պետք է պարզաբանեն համապատասխան մարմինները, Հոկտեմբերի 27-ն ունեցել է այդպիսի փուլ իր վայրիվերումներով, ես չունեմ առիթ չվստահելու մեր դատական համակարգի գնահատականին այդ հանցագործության վերաբերյալ»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը։