ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է շաբաթօրյա ու կիրակնօրյա դպրոցների և հայ վարժարանների աշակերտների հետ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է շաբաթօրյա ու կիրակնօրյա դպրոցների և հայ վարժարանների աշակերտների հետ
29.10.2017 | 15:25

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների, հայ վարժարանների աշակերտների հետ։ Հայորդիները Վեհափառ Հայրապետին դիմավորեցին խանդավառությամբ, ծափողջույններով և Հայրապետական մաղթանքի երգեցողությամբ:

Ողջույնի խոսքից հետո կրթական հաստատությունների ուսուցիչները և սաները շնորհավորեցին Վեհափառ Հայրապետին ընտրության 18-րդ տարեդարձի առիթով և հուշանվերներ հանձնեցին: Կրթական հաստատությունների սաները հանդես եկան գեղարվեստական կատարումներով, հայրենասիրական երգ ու պարով: Հայոց Հայրապետն իր օրհնությունը, բարեմաղթանքները և եկեղեցասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի հորդորները փոխանցեց աշակերտներին, ուսուցչական կազմին, ներկա հավատացյալներին: Մանուկներին ու պատանիներին ուղղված խոսքում Նորին Սրբությունն ասաց. «Հայաստանը, Սուրբ Էջմիածինը դուք եք, սիրելիներ, ձեզնով է հզորանալու հայրենիքը, շենանալու ազգային-եկեղեցական կյանքը: Այսօր այս հանդիպման ընթացքում մենք խնդությամբ տեսանք, թե որքան քաջ եք դուք մայրենի լեզվի իմացության մեջ, որքան սիրում եք Սուրբ Էջմիածինն ու Հայաստանը, թեպետև հեռու եք հայրենիքից: Ձեր սիրելի ծնողները, ձեր պատվական մանկավարժները խնամում ու դաստիարակում են ձեզ իբրև հարազատ զավակները մեր ժողովրդի և այն լուսավոր տեսիլքով, որ դուք մարմնավորելու եք մեր ժողովրդի նվիրական իղձերը: Լավ սովորեք, աճեք ու զորացեք գիտելիքներով և իմացությամբ:

Ձեր հոգիներում վառ պահեք սերը Աստծու հանդեպ, հետևեք Տիրոջ պատվիրաններին, եղեք նախանձախնդիր ու պատասխանատու զավակներ ձեր ծնողների համար և մեր Եկեղեցու ու ազգի համար: Հորդորում ենք նաև, որ այցելեք հայրենիք, Սուրբ Էջմիածին, ձեր աչքերով տեսնեք մեր նախնյաց հիշատակները և ձեր սրտով զգաք նրանց պատգամը հավատքի ու հայրենասիրության: Մենք հանապազ աղոթում ենք ձեզ համար՝ հայցելով, որ Փրկիչ մեր Տերը պահապան Իր Աջի հովանու ներքո օրհնի ու շնորհազարդի ձեզ, որպեսզի ուշիմ մտքով ու պայծառ հոգով աճեք ու կատարելագործվեք և ձեր ավանդը բերեք ազգային ու հայրենական մեր կյանքին»:
Ամենայն Հայոց կաթողիկոսն Աստծու օրհնությունը հայցեց պատանիների և նրանց ընտանիքների համար։ Գարեգին Բ կաթողիկոսը նաև մաղթեց, որ Տերը հանապազ պահապան լինի բոլոր դպրոցների պատասխանատուներին ու մանկավարժներին՝ պայծառ պահելու հայկական կրթօջախները հանուն ազգային և հոգևոր կյանքի զորության, մեր ժողովրդի բարի հույսերի և լուսավոր գալիքի:


Նորին Սրբությունը պատասխանեց աշակերտների հարցերին: Հանդիպման վերջում Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հայկական դպրոցներին ու վարժարաններին:

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ