Կատալոնիայում անկախության կողմնակից հազարավոր ցուցարարներ երեկ առավոտից համընդհանուր գործադուլի էին դուրս եկել՝ արգելափակելով տասնյակ ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Ֆրանսիա տանող գլխավոր ավտոմայրուղին:
Բարսելոնում հարյուրավոր կատալոնացիներ ձեռք ձեռքի տված պատնեշ էին կազմել ավտոճանապարհներին՝ Իսպանիայի իշխանություններից պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված առաջնորդներին: Ժիրոնայում էլ մի խումբ ցուցարարների հաջողվել էր ոստիկանական արգելքը հաղթահարել ու ներխուժել գլխավոր երկաթուղային կայարան՝ խոչընդոտելով ճեպընթաց գնացքների աշխատանքը: «Մենք ուզում ենք ցրել այն տպավորությունը, թե այստեղ կյանքը շարունակվում է բնականոն հունով, և ոչինչ էլ չի պատահել: Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին, և այդ նպատակով կշարունակենք փողոց դուրս գալ, քանի որ Հանրապետությունը, որի անկախությունը մենք հռչակեցինք, մեր պաշտպանության կարիքն ունի»,- «Ռոյթերզին» ասել է ցուցարարներից մեկը:
Կատալոնիան անկախություն հռչակեց հոկտեմբերի 27-ին, ի պատասխան Իսպանիան ուղիղ կառավարում մտցրեց՝ պաշտոնանկ անելով ու ձերբակալելով անջատական առաջնորդներին: Կատալոնիայի նախկին կառավարության 8 նախարարներ այժմ իսպանական բանտում են՝ ապստամբության ու պետական միջոցները փոշիացնելու մեղադրանքներով: Չի բացառվում, որ առաջիկա օրերին նրանց կողքին հայտնվեն նաև պաշտոնանկ նախագահ Կառլես Պուչդեմոնն ու կառավարության 4 այլ անդամներ, որ Բրյուսելում են: Մադրիդի դատարանը նրանց ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, և արտահանձնման հարցով դիմել Բելգիայի իշխանություններին. ակնկալվում է, որ Բրյուսելի դատարանն այս հարցը կքննի նոյեմբերի 17-ին: