Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյան․ Հայաստանի և Մոլդովայի համագործակցության լավ հեռանկարներ կան

Սերժ Սարգսյան․ Հայաստանի և Մոլդովայի համագործակցության լավ հեռանկարներ կան
09.11.2017 | 23:23

Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


Սերժ Սարգսյանը ասել է․ «Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, որ այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում»: «Հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել ենք, լայն էր: Քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել զարգացնելու համագործակցությունը, իրացնելու երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը: Անցած տարի Քիշնևում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկում ենք որպես գործնական քայլ այդ ուղղությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն են հատկացրել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: «Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017-ի առաջին 9 ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2,1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին»,- ասել է նա:


«Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:


Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով երկու երկրների միջև կապերն ավելի ակտիվ կզարգանան: «Հայաստանի և Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան: Դրա համար առկա են բոլոր պայմանները»,- ասել է Հայաստանի նախագահը:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ