Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիին բռնությամբ պահում են Էր Ռիադում՝ սահմանափակելով նրա ազատությունը` հայտնում է Reuters-ը ՝ հղում անելով լիբանանյան կառավարության անանուն աղբյուրին։
Հարիրիի շրջապատում այդ շշուկները դեռևս չեն հաստատում։ Սաուդյան իշխանություններն այդ թեմայով մեկաբանություններից զերծ են մնում։
Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Բեյրութը դիմում է պատրաստում արաբական և արևմտյան պետություններին՝ խնդրելու ճնշում գործադրել Էր-Ռիադի վրա, որ ազատ արձակի Հարիրիին։ «Հարիրիին ազատության սահմանափակմամբ Էր Ռիադում պահելը հարձակում է Լիբանանի ինքնիշխանության վրա։ Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է»,- հայտարարել է լիբանանցի պաշտոնյան։ Լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաադ Հարիրիի ինքնաթիռը Էր Ռիադից Բեյրութ է թռել, սակայն նա ինքնաթիռում չի եղել։
Նոյեմբերի 4-ին Հարիրին, այցով ժամանելով Սաուդյան Արաբիա, հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այդ որոշումը նա բացատրել էր իր երկրի ներքին գործերին Իրանի միջամտությամբ, «Հըզբոլլահի» կողմից իր վրա ցուցաբերվող ճնշմամբ ու իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններով։
Լիբանանի նախագահը Սաադ Հարիրիի հրաժարականը չի ընդունել և հայտարարել է, որ սպասում է նրա վերադարձին ու բացատրություններին: