Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին և նրա որդուն՝ Մայքլ Ֆլին-կրտսերին, առաջարկել են 15 մլն դոլար Ֆեթուլլա Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա արտահանձնելու համար օգնության դիմաց` հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթի աղբյուրը պատմել է, որ ՀԴԲ աշխատակիցները հարցաքննել են առնվազն 4 մարդու 2016-ի դեկտեմբերի կեսերին Ֆլինի և թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման մասին: Այդ ժամանակ Մայքլ Ֆլինը դեռ չէր աշխատում Սպիտակ տանը: Թերթի աղբյուրներից մեկի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ֆեթուլլա Գյուլենին Իմրալա կղզու բանտ մասնավոր ինքնաթիռով տեղափոխելու հնարավորությունը: Մայքլ Ֆլինի փաստաբանները այս տեղեկությունը համարել են վրդովեցուցիչ և կեղծ: Politico-ն հաղորդում է, որ մինչ այս Ֆլինի իրավաբանները խուսափել են պատասխանել իրենց հաճախորդի հասցեին մեղադրանքներին՝ ելնելով հետաքննությունների նկատմամբ հարգանքից:
«Բայց այսօրվա հրապարակումն այնքան վրդովեցուցիչ է և կանխակալ, որ մենք բացառություն ենք անում մեր կանոններից. դա կեղծ է»,- ասվում է Ֆլինի փաստաբանների հայտարարության մեջ: