Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանի նախագահը հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ

Հայաստանի նախագահը հանդիպել է Բելգիայի վարչապետի հետ
24.11.2017 | 22:00

Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիներին Հայաստանը և Բելգիան հարաբերությունները կանոնավոր զարգացրել են բազմաթիվ ոլորտներում՝ հիմնվելով փոխադարձ վստահության ու փոխըմբռնման վրա։ Սարգսյանը և Միշելը համակարծիք են եղել, որ այս հանդիպումը հետագա համագործակցության ուղիները նախանշելու լավ առիթ է, և մեծապես կարևորել են փոխգործակցության ընդլայնումը միջազգային հարթակներում, հատկապես` ԵՄ շրջանակներում։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ և նոր հնարավորություններ կստեղծի ԵՄ ու անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի հետ հարաբերությունների հետագա խորացման համար: Հայ-բելգիական երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից նախագահը կարևորել է բարձրաստիճան քաղաքական շփումների ակտիվացումը և հույս հայտնել, որ Հայաստանի և բարեկամ ու վստահելի գործընկեր Բելգիայի երկխոսությունը շարունակական կլինի, ինչպես նաև փոխայցերն ավելի ակտիվ բնույթ կկրեն:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Բելգիան Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին, ում սերունդները կազմում են բելգիահայ համայնքի կորիզը: Նա Շառլ Միշելին հայ ժողովրդի գնահատանքն է հայտնել 2015-ի հունիսի 18-ի նրա հայտարարության համար, որին հաջորդեց հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, ինչով ամբողջացավ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. դեռևս 1998-ին Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Զրուցակիցները դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարևորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում: Սերժ Սարգսյանը և Շառլ Միշելը քննարկել են հայ-բելգիական առևտրատնտեսական հարաբերություններին և փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահն առաջարկել է, որ բելգիական ընկերությունները դիտարկեն Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներգրավվածությունը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ակտիվ անդամակցությունը ևս, նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է ֆրանկոֆոն կառույցներում Բելգիայի հետ գիտակրթական, մշակութային, քաղաքային կառավարման և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: Նշելով, որ 2018-ին Հայաստանը կհյուրընկալի 17-րդ գագաթնաժողովը, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիային աջակցության համար և վարչապետ Միշելին հրավիրել է Հայաստան` մասնակցելու գագաթնաժողովին։

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ